Foto

Եվրահանձնաժողովի ղեկավարությունում «շոկի» մեջ են՝ Մինեապոլիսում երկու ԱՄՆ քաղաքացիների սպանությւոնից

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան ուրբաթ օրը AFP-ին տված հարցազրույցում նկարագրել է իր «շոկը» Մինեապոլիսում տեղի ունեցած «սարսափելի» բռնության պատկերներից, որտեղ երկու ամերիկացի քաղաքացիներ էին սպանվել ներգաղթի դաշնային գործակալների կողմից։

«Ես դա չեմ ուզում իմ երկրի կամ իմ մայրցամաքի համար։ Ինձ համար դա սարսափելի էր – շոկ այն բանից, թե ինչպես են Ռենե Գուդի, Ալեքս Պրետիի, փոքր երեխաների, կանանց ու տղամարդկանց հետ վարվում այդպիսի անիմաստ բռնությամբ, հատկապես այն պատճառով, որ դա անհատականացված չէր», – հավելել է նա։

«Սա տեղի ունեցավ մի երկրում, որը հիմնված է ազատության, իրավունքների պաշտպանության և անհատի հարգանքի իդեալների վրա», – ասել է Ռիբերան։ Նա հավելել է, որ հույս ունի Կոնգրեսի և դատարանների, «ամերիկյան հասարակության արձագանքելու կարողության» և «դաշնային վարչակազմի» վրա՝ «նորմալ կյանքի» վերականգնման գործում։

Ռիբերայի հայտարարությունը հակադրվում էր Եվրահանձնաժողովի չափազանց զգուշավոր դիրքորոշմանը, որը հրաժարվել էր դատապարտել սպանությունները և Մինեապոլիսում բռնությունն անվանել «ԱՄՆ-ի ներքին» գործը։

Պրետիի սպանությունից հետո նա իր Bluesky օգտահաշվում հրապարակել էր մի շարք գրառումներ, որոնցում աջակցել էր Բարաք Օբամայի նախազգուշացմանը, որ այդ սպանությունը «անհանգստացնող ազդանշան» էր, և տեղադրել էր Բրյուս Սպրինգսթինի երգը, որը գրվել էր այդ առիթով։

Եվրամիության և նրա դաշնակից ու գլխավոր առևտրային գործընկեր ԱՄՆ-ի հարաբերությունները մտել են փոթորկալից շրջան այն պահից, երբ Դոնալդ Թրամփը մեկ տարի առաջ վերադարձավ Սպիտակ տուն։ Սակայն Թրամփի խոստումը՝ վերցնել Գրենլանդիան ԵՄ և ՆԱՏՕ անդամ Դանիայից, տրանսատլանտյան դաշինքը վերջին տարիների ամենախորը ճգնաժամի մեջ էր գցել՝ մինչև այն պահը, երբ ամերիկացի առաջնորդը անցած շաբաթ հրաժարվեց իր սպառնալիքից։

Ռիբերան նաև ընդունել է տրանսատլանտյան հարաբերությունների փոփոխությունը։

«Մենք ստացանք այդ շատ կոշտ և շատ սպառնալից հաղորդագրությունը Գրենլանդիայի վերաբերյալ, – ասել է Ռիբերան, – որը ցույց տվեց, թե որքան կարևոր է արձագանքել հստակ և միասնական»։

Թեև անմիջական վտանգը կանխվել էր, և Թրամփի մաքսային սպառնալիքները եվրոպական երկրների նկատմամբ չեղարկվել էին, Ռիբերան կոչ է արել Եվրոպային մնալ միասնական։

«Գրենլանդիան նաև դարձավ ակնհայտ խթան՝ ուշադրություն դարձնելու այն բանին, թե որքան հստակ և միասնական պետք է լինենք այն հարցերում, որոնք կարող են դիտարկվել որպես անարդարացված սպառնալիքներ», – ասել է նա։