Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծիք է հայտնել, որ ակումբի երկրպագուների համար «Բարսելոնայի» դեմ սկզբունքային դիմակայություններն երբեմն ավելի մեծ կշիռ ունեն, քան մրցաշարային ընդհանուր հաջողությունը։
Գերմանացի նախկին ֆուտբոլիստն ընդգծել է երկրպագուների մաքսիմալիզմը կատալոնական ակումբի դեմ խաղերում․
«Եթե «Ռեալի» երկրպագուն ստիպված լիներ ընտրություն կատարել Լա լիգայի տիտղոսի և մրցաշրջանի երկու «Էլ Կլասիկոներում» հաղթանակի միջև՝ առանց չեմպիոնության, դժվարանում եմ ասել, թե ինչ կընտրեր նա։ Իրականում, վախենամ, որ նա կնախընտրեր հաղթել երկու դիմակայություններում էլ», - Կրոսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության առաջին շրջանում «արքայական» ակումբը 2-1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ։ Երկրորդ շրջանի հանդիպումը նախատեսված է մայիսին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում։
Այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան», իսկ «Ռեալը» հետապնդում է առաջատարին՝ զիջելով ընդամենը միավորով։ Հարկ է նշել նաև, որ վերջերս կայացած Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում հաջողությունն ուղեկցել էր կատալոնացիներին, որոնք հաղթել էին 3-2 հաշվով։









