Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել կաթողիկոսարանի դիվանը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հայոց Ցեղասպանության 100 ամյակի շեմին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիա պետութան դեմ բացված դատը նույն ընթացքով շարունակվում է: Այս ուղղությամբ կարեւոր հանգրվաններից տեղյակ պահեցինք մեր ժողովրդի զավակներին, հիշյալ դատը նկատելով մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու դատը, ինչպես նաեւ առաջին եւ հանդուգն քայլ՝ ազգային պահանջատիրության իրավական ոլորտում։
Արդարեւ, թուրքական դատարանների նախադատ ատյաններից հետո, որտեղ քննությամբ մերժված լինելով, այժմ այն գտնվում է վճռաբեկ ատյանում: Հաջորդ քայլը պիտի լինի Սահմանադրական դատարանը, որից հետո պիտի դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Այս ծիրից ներս, մի քանի օրեր առաջ, Կաթողիկոսարանում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ հանդիպում տեղի ունեցավ Սիսի դատի իրավական հանձնախմբի անդամներից նախարարուհի դոկտ. Նորա Պայրագտարյանի, փրոֆ. Թենի Սիմոնյանի եւ փաստաբան Ջէմ Սոֆուօղլուի մասնակցութեամբ, եւ քննվելուց հետո դատի իրավական գործընթացի նախկին հանգրվանները, ընդհանուր գծերով ճշտվեցին առաջիկա քայլերը: Այս մասին նոր զարգացումների լույսի ներքո բնականաբար տեղյակ պիտի պահենք մեր ժողովրդի զավակներին»:









