Եթե դու ունես օրինակ 3 մլրդ դոլար, որից 2,9 մլրդ դոլարը գտնվում է Տիզբոնում, ապա քո շահերի կենտրոնը ինքնաբերաբար դառնում է Տիզբոնը, և դու չես կարող անել այլ բան, քան Տիզբոնի շահն է պահանջում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հին աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի պատմության մեջ, կան դրվագներ, երբ հզոր կայսրությունները, որպեսզի կախվածության մեջ պահեն իրենցից ավելի թույլ հարևաններին, թագավորություններին հաճախ արել են հետևյալը․ ստիպել են, որպեզի հարևան, ավելի փոքր թագավորության թագավորը իր դստերը կնության տա մեծ ու հզոր կայսրության կայսեր ընտանիքին կամ, առհասարակ, որդիներից մեկին են պատանդ պահել մեծ պետության մայրաքաղաքում, օրինակ Տիզբոնում կամ Հռոմում, որպեսզի հանկարծ փոքր պետության, այդ թվում օրինակ Հայաստանի թագավորի մտքով երբևէ չանցնի անկախ քաղաքականություն վարի, իր երկրի շահը հետապնդի, իսկ, եթե անգամ նման բան որոշի, ապա միշտ պետք է հիշի, որ հարևան հզոր պետությունում ունի դուստր կամ որդի, որոնց հետ հաստատ ինչ-որ վատ բան կպատահի։
21-րդ դարում կարիք չկա դստերը կնության տալ հարևան հզոր պետության թագավորին կամ որդուն պատանդ թողել այնտեղ։ Այդ դերը կատարում է կապիտալը, փողը։ Այսինքն բավարար է, որ պայմանական Հռոմում կամ Տիզբոնում լինի այդ անձի հարստությունը, օրինակ մոլերը, գործարանները, վիլաները, բանկային հաշիվները և այդ ժամանակ այդ մարդը պարզապես չի կարող լինել անկախ, քանի որ իր շահերի կենտրոնը Հայաստանում չէ, այլ Հայաստանից դուրս է՝ պայմանական նոր Տիզբոնում, և, բնականաբար, նոր ժամանակների Տիզբոնին էլ ձեռք է տալիս, որ այս մարդիկ այստեղ քաղաքականությամբ զբաղվեն, երկրի կառավարման մեջ դերակատարում ունենան, որպեսզի, երբ պետք լինի, այդ մարդու ականջից բռնած տանեն այնտեղ որտեղ պետք է և ասեն անի այն, ինչ-որ պետք է այդ նոր ժամանակների Տիզբոնին՝ բնականաբար ի հաշիվ Հայաստանի և հայ ժողովրդի շահերի։
Ուրեմն եկեք այնպես անենք, որպեսզի տիզբոնները և տիզբոններից եկած մարդիկ այլևս Հայաստանի քաղաքական կյանքում տեղ և դերակատարում չունենան, որովհետև նրանց շահերի կենտրոնը Հայաստանը չէ, որովհետև, եթե դու ունես օրինակ 3 մլրդ դոլար, որից 2,9 մլրդ դոլարը գտնվում է Տիզբոնում, ապա քո շահերի կենտրոնը ինքնաբերաբար դառնում է Տիզբոնը և դու չես կարող անել այլ բան, քան Տիզբոնի շահն է պահանջում»։









