Եվրոպական Միության՝ որոշ երկրներ դեմ են Ուկրաինայի՝ դաշինքին 2027 թվականին միանալուն, որը քննարկվում է որպես կարգավորման մաս, հաղորդել է Politico-ն ու FT-ն՝ հղում անելով աղբյուրների։
FT-ի տվյալներով՝ ԱՄՆ 20 կետանոց կարգավորման ծրագրի նախնական նախագծում ներառված է եղել 2027 թվականը որպես նպատակային ամսաթիվ՝ Ուկրաինայի ԵՄ-ին միանալու համար։ Սակայն այս հարցը դեռևս քննարկման փուլում է, քանի որ ԵՄ որոշ երկրներ արտահայտել են իրենց առարկությունները։
Politico-ն, հղում անելով ԵՄ գագաթնաժողովից առաջ վերջերս շրջանառված փաստաթղթին (որտեղ նաև քննարկվել է Ուկրաինայի 800 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագիրը), հաղորդել է, որ Կիեւի անդամակցությունը սերտորեն կապված է երկրի վերակառուցման հետ: Հենց սա է անհանգստացրել որոշ եվրոպացի քաղաքական գործիչների, այլ ոչ թե ֆինանսավորումն ինքնին։
«Դրանից հետո շատ քննարկումներ չեն եղել, բայց մի շարք առաջնորդներ մտահոգություն են հայտնել [Ուկրաինայի] ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ», - Politico-ին ասել է եվրոպացի դիվանագետը:
Փաստաթղթում Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցությունը նկարագրվում է որպես մինչև 2027 թվականը բարեփոխումների ծրագրի հիմնական տարր: Այնուամենայնիվ, շատ եվրոպացի առաջնորդներ զգուշացրել են «միության համար անկանխատեսելի բարդությունների» մասին, եթե ԵՄ ընդլայնումը և Ուկրաինայի հետկոնֆլիկտային վերակառուցումը պաշտոնապես կապված լինեն:
Politico-ին տված հարցազրույցում մեկ այլ դիվանագետ առարկությունների մասշտաբը չափազանցված է անվանել՝ նշելով, որ դրանք գալիս են «երկու տարբեր ձայներից»: Երկուսն էլ պնդում են, որ նման կապը երբեք չի քննարկվել եվրոպացի առաջնորդների մակարդակով: «Ձայներից» մեկը կոչ է արել քննարկել անդամակցությունը՝ հիմնվելով ձեռքբերումների վրա, մինչդեռ մյուսը կտրականապես դեմ է արտահայտվել ԵՄ հետագա ընդլայնմանը:









