Ֆիլիպինների հարավում տեղական ժամանակով գիշերը ժամը 1։50-ին ավելի քան 350 մարդու տեղափոխող լաստանավ է խորտակվել։ Փրկարարները դուրս են բերել 15 զոհի մարմին: 28 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ Ֆիլիպինների առափնյա պահպանության ծառայության՝ փրկվել է առնվազն 316 մարդ։
Լաստանավը Զամբոանգա նավահանգստային քաղաքից ուղևորվում էր Սուլուի նահանգի Ջոլո կղզի։ Նավում եղել է 332 ուղևոր և անձնակազմի 27 անդամ։
Ըստ The Associated Press-ի՝ լաստանավը խորտակվել է տեխնիկական անսարքությունների պատճառով։ Միևնույն ժամանակ, Առափնյա պահպանության ծառայության հրամանատար Ռոմել Դուան գործակալությանը հայտնել է, որ միջադեպի ստույգ պատճառը դեռևս պարզված չէ, կանցկացվի հետաքննություն։
Նրա խոսքով՝ առափնյա պահպանության ծառայությունը լաստանավը ստուգել է Զամբոանգայի նավահանգստից մեկնելուց առաջ, և գերբեռնվածության ոչ մի նշան չի եղել:









