Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցած տարի 510 տնտեսվարողների շրջանում իրականացվել են չափագիտական կանոնների և նորմերի ստուգում, որի արդյունքում 309-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազի ու ԱԳԼՃԿ-ների ոլորտում իրականացված ստուգումներով, մասնավորապես՝ բենզինի և դիզվառելիքի ոլորտում 46 ստուգումներից 19-ը կամ ընդհանուրի 41,3 տոկոսը չափագիտական խախտում են ունեցել։ Հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37 խախտում է արձանագրվել, որը կազմում է 55 տոկոս, իսկ ԱԳԼՃԿ-ներում 115 ստուգումից արձանագրվել է 33 խախտում։
«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ կիրառվում է հետևյալ մեթոդը՝ թերլիցքավորում իրականացրած տնտեսվարողների մոտ՝ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները մեկ ամիս ժամկետով, որպեսզի քաղաքացիներն էլ տեղյակ լինեն, որ տվյալ տնտեսվարողն անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել»,-հավելեց Կոտոլյանը։









