ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լույս հունվարի 23-ի գիշերը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի կայքում հաղորդվում է, որ ամերիկյան կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաև Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը, իսկ ռուսական կողմից՝ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Հանդիպումը տևել է շուրջ 4 ժամ, որից հետո Յուրի Ուշակովը հայտարարություն է տարածել, ըստ որի բանակցությունները եղել են «բովանդակային, կառուցողական և անկեղծ»։
Բանակցությունների առանցքային թեման է եղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Ուշակովի խոսքով՝ կողմերը հաստատել են, որ երկարաժամկետ կարգավորման հույս չի լինի, եթե տարածքային հարցը չլուծվի Ալյասկայի Անքորիջում օգոստոսին ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև համաձայնեցված բանաձևով։ Ուշակովը չի մանրամասնել, թե ինչ բանաձևի մասին է խոսքը։ Անքորիջում Թրամփը և Պուտինը քննարկել էին ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման պայմանները։ Մինչ այդ Պուտինը մարտական գործողությունները դադարեցնելու համար պահանջել էր, որ Կիևը դուրս բերի իր զորքերը Դոնբասի այն մասերից, որոնք Ռուսաստանի վերահսկողության տակ չեն գտնվում։ Ուկրաինան մերժել էր այս պահանջը։
Ռուսաստանը, ինչպես ընդգծել է նախագահի օգնականը, շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը, բայց մինչև համաձայնությունների ձեռքբերումը Մոսկվան կշարունակի հետամուտ լինել «նախքան հատուկ ռազմական գործողությունն իր առջև դրված նպատակներին մարտադաշտում, որտեղ պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը»։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև հունվարի 23-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան: Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը: Բացի այդ, Աբու Դաբիում կկայանա Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ տնտեսական հարցերով խմբի ղեկավարներ Կիրիլ Դմիտրիևի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը: Ուշակովը նշել է, որ ռուսական պատվիրակությունը Պուտինից հստակ հրահանգներ է ստացել՝ հաշվի առնելով «այսօր ամերիկյան կողմի հետ կայացած շփման բոլոր մանրամասները»։
Ուշակովը նշել է, որ ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել անվտանգության հարցերով աշխատանքային խմբի առաջիկա հանդիպման նախապատրաստման համար և հույս ունի, որ այն հեռանկարներ կբացի հակամարտության ավարտի հետ կապված հարցերի առաջմղման համար։
Քննարկվել է Խաղաղության խորհուրդ ստեղծելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը: Ռուսաստանը կրկնել է, որ պատրաստ է ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար հատկացնել այս կառույցի բյուջեին:
«ԱՄՆ-ում սառեցված մեր պահուստներից մնացած միջոցները կարող են ուղղվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո մարտական գործողությունների ընթացքում վնասված տարածքների վերականգնմանը», - նշել է Ուշակովը՝ հավելելով, որ այս թեմայի շուրջ քննարկումները կշարունակվեն երկկողմ տնտեսական խմբի շրջանակներում:
ԱՄՆ ներկայացուցիչները նաև Պուտինին տեղեկացրել են Դավոսում ուկրաինական կողմի հետ իրենց վերջին շփումների մասին։ Մասնավորապես՝ նրանք քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման արդյունքները, ինչպես նաև Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում և եվրոպական մայրաքաղաքներում կայացած խորհրդակցությունները։
Կողմերը համաձայնել են պահպանել սերտ շփումներ ուկրաինական և այլ հարցերի շուրջ: Ըստ Ուշակովի՝ հանդիպումն օգտակար էր ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան կողմի համար։









