Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 խաղային հարթակին, գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային հարթակներ և խաղեր, ինչպիսին են 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅-ը, 𝗠𝗶𝗻𝗲𝗰𝗿𝗮𝗳𝘁-ը, 𝗕𝗿𝗮𝘄𝗹 𝗦𝘁𝗮𝗿𝘀-ը, 𝗙𝗼𝗿𝘁𝗻𝗶𝘁𝗲-ը, 𝗣𝗨𝗕𝗚-ին և այլն։ Գոյություն ունեն տարբեր գնահատականներ նմանատիպ խաղերի ստեղծագործական առավելությունների և, միևնույն ժամանակ, վնասակար սովորությունների և տարաբնույթ վտանգների վերաբերյալ։
Ցանկանում եմ ավելի շատ կարծիքներ ստանալ ծնողների մոտեցումների և մտահոգությունների մասին, և արդյունքում կփորձենք մեր իրավասությունների շրջանակներում նվազեցնել այդօրինակ ռիսկերը՝ երեխաների համար ավելի անվտանգ թվային միջավայրի ձևավորմանը միտված մեր աշխատանքների շրջանակում։
Խնդրում եմ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր մտահոգությունները և, առհասարակ, դիտարկումները։ Ստացված արձագանքների հիման վրա նախատեսում ենք կազմակերպել հանդիպում և անցկացնել ավելի լայն քննարկում՝ տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ»։









