Foto

Ռեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալը» մոտ է «Լայպցիգի» 19-ամյա եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերն իրականացնելուն: Ինչպես հաղորդում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, մադրիդյան ակումբն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստի հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա վինգերն արդեն տվել է իր համաձայնությունը տեղափոխության համար և այժմ սպասում է ակումբների միջև վերջնական պայմանավորվածությանը: Սպասվում է, որ «արքայական» ակումբը տրանսֆերը կձևակերպի առաջիկա օրերին, իսկ գործարքի արժեքը կկազմի 115-120 միլիոն եվրո:

Այս գնումով «Ռեալը» կփակի Մայքլ Օլիսեի տրանսֆերի հարցը. ֆրանսիացին մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակն էր, սակայն Մյունխենի «Բավարիան» վերջնականապես հրաժարվել է բաց թողնել իր խաղացողին։

Հիշեցնենք, որ «Լայպցիգը» Դիոմանդեին գնել էր ընդամենը մեկ տարի առաջ իսպանական «Լեգանեսից»՝ վճարելով 20 միլիոն եվրո: Գերմանական ակումբում իր նորամուտի մրցաշրջանում տաղանդավոր հարձակվողը 36 հանդիպումներում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: