Հաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Պուտինը արձագանքել է Տոկաևի առաջարկին՝ մանրամասն ներկայացնելով հատուկ ռազմական գործողության (ՍՌԳ) ընթացքը։ Նա հավելել է, որ ռազմական գործողությունների դադարեցման պայմանները հստակ են, և ամեն ինչ կարող է կանգ առնել նույնիսկ մինչև օրվա վերջ, եթե Կիևը համապատասխան որոշումներ ընդունի։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի համար գլխավոր պայմանը իր նպատակներին հասնելն է։
Հիշեցնենք, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում Ղազախստանի նախագահ Տոկաևն առաջարկել է սառեցնել Ուկրաինայի շուրջ հակամարտությունը և վերադառնալ Ստամբուլում մշակված բանակցային ձևաչափին («Ստամբուլի բանաձև»)։ Ղազախստանի նախագահի գնահատմամբ՝ այդ բանակցությունների շրջանակում արդեն իսկ զգալի առաջընթաց էր գրանցվել։









