Foto

Իրանի մեջլիսի նախագահը հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարևոր է համարում երկրում բողոքի ակցիա իրականացնողների հետ երկխոսության հաստատումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս հարցին մեջլիսի խոսնակն անդրադարձել է հունվարի 5-ին խորհդրարանում ունեցած իր ելույթում։

Մասնավորապես, Ղալիբաֆի խոսքով՝ երկխոսությունը կարևոր է, ցուցարարների բոլոր պահանջներն օրինական են և պետք է բոլոր ջանքերը գործադրվեն՝ վերականգնելու տնտեսական կայունությունը։

Մեջլիսի նախագահը շեշտել է, որ կառավարությունը լրջորեն հանձնառու է լուծում տալու հանրային մտահոգություններին։ Նա հույս է հայտնել, որ նախատեսվող միջոցառումները կբավարարեն ցուցարարների օրինական պահանջները։

Միևնույն ժամանակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ այն անձինք, ովքեր ուղիղ կամ անուղղակի կապ ունեն օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ ու ում գործը ցույցերը խռովությունների վերածելն է, նրանց նկատմամբ արդյունավետ գործողություններ կիրականացվեն՝ պաշտպանելու հանրային անվտանգությունն ու հասարակական անդորրը։ Նա հավելել է, որ «պատմության ընթացքում Իրանը տեսել է շատ վարձկանների ու դավաճանների, և որ թշնամին հերթական անգամ կպարտվի՝ ի հեճուկս գործադրած լայնածավալ հետախուզության և մեդիա ռեսուրսների»։