Foto

Կամբոջան և Թաիլանդը հայտնել են նոր զոհերի մասին

Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ Կամբոջայի հետ սահմանային հակամարտության ժամանակ զոհված թաիլանդցի զինծառայողների թիվը ավելացել է երկուսով՝ հասելով 19-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թաիլանդական The Nation թերթը։

«Պաշտպանության նախարարությունը և Թաիլանդի թագավորական բանակը դեկտեմբերի 16-ին հաստատել են, որ երկու թաիլանդցի զինվորներ են զոհվել Սուրինի սահմանին գտնվող 350-րդ բլուրը պաշտպանելիս, այն բանից հետո, երբ կամբոջական զորքերը սաստկացրել են բլրի ուղղությամբ հարձակումները», – նշվում է դեկտեմբերի 16-ի իրադարձությունների ամփոփման մեջ։

Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Կամբոջան շարունակել է ծանր հրաձգային զենքերով հարձակվել թաիլանդական սահմանային տարածքների վրա դեկտեմբերի 16-ի երեկոյան և 17-ի առավոտյան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թաիլանդցի զորքերը վերահսկողություն են հաստատել Սուրին նահանգում գտնվող հին Տա Կվայ տաճարային համալիրի նկատմամբ՝ կամբոջական ուժերին դուրս մղելով այդ տարածքից։

Կամբոջական Khmer Times թերթի փոխանցմամբ՝ Կամբոջայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քաղաքացիական բնակչության զոհերի թիվը ավելացել է ևս 2-ով՝ հասնելով 17-ի, իսկ վիրավորների թիվը հասել է 77-ի։

Զոհերից բացի, իշխանությունները հայտնել են մի քանի նահանգներում քաղաքացիական անձանց լայնածավալ տեղահանման մասին։ Տարհանված անձանց թիվը հասել է շուրջ 439 հազարի։

Կամբոջայի տեղեկատվության նախարար Նոտ Ֆեակտրան հայտարարել է, որ իր երկիրը կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը պաշտպանել իրեն թաիլանդական ագրեսիայից։

Կամբոջայի և Թաիլանդի միջև բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ից։ Երկու կողմերը միմյանց մեղադրում են հարձակումը սկսելու մեջ։