Սև ծովը չպետք է դիտարկել որպես հաշիվներ մաքրելու ասպարեզ։ Դա ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային օգուտ չի բերի։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Աշխաբադից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել է Խաղաղության և վստահության միջազգային ֆորումին, հաղորդում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ Աշխաբադում տեղի կայացած ֆորումի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Պուտինի հետ զրույցում մենք նշել ենք, որ դրական ենք գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ սկսված երկխոսությունը, գնահատել ենք այն ներդրումը, որը մեր երկիրը կարող է ունենալ խաղաղության ջանքերում», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ բանակցությունների գլխավոր թեման եղել է հակամարտությունը և խաղաղության ջանքերը։
«Ինչպես բոլոր ներգրավված կողմերը, պարոն Պուտինը ևս քաջատեղյակ է այդ հարցի շուրջ Թուրքիայի դիրքորոշմանը», – ասել է Էրդողանը։
Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ Պուտինի հետ հանդիպումից հետո հնարավորություն կստեղծվի խաղաղության ծրագիրը քննարկել նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։
«Խաղաղությունը հեռու չէ, մենք դա տեսնում ենք», – վստահություն է հայտնել Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել Սև ծովի ավազանում տիրող իրավիճակի վրա։
«Սև ծովը չպետք է դիտարկել որպես հաշիվներ մաքրելու ասպարեզ։ Սա ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային օգուտ չի բերի։ Բոլորին էլ Սև ծովում անվտանգ նավարկություն է անհրաժեշտ», - ասել է նա։









