Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում մեկնարկել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։Բացմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Պոզնանի համալսարանի պրոռեկտոր Պշեմիսուավ Վոյտաշեկը, Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի տնօրեն Ադամ Պոմեճինսկին և այլք:Ողջունելով ներկաներին և շնորհավորելով համաժողովի մեկնարկի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ գիտությունը, մշակույթը և կրթությունը եղել և մնում են այն հիմնասյունները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան:
Այս առումով, ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ, առաջնային նշանակություն են ստանում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնները, որոնց գլխավոր առաքելությունն է՝ ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և մարտահրավերների հետ:Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ գնահատելով հայագիտության զարգացման կարևորությունը՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիրը:
Նա տեղեկացրել է՝ ներկայում ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է 13 երկրում գործող 15 համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ, և այդ թիվը շարունակաբար աճում է։«Օտարերկրյա պետություններում հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունը նշանակալի աղբյուր է հայագիտական հետազոտություններ իրականացնելու գործում և հիմք է հայագիտական կենտրոնների ստեղծման ու զարգացման համար՝ հետազոտությունների շրջանակն ընդլայնելու տեսանկյունից»,-ասել է Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված է հայագիտական կենտրոնների թիվը հասցնել 23-ի, իրականացնել տարեկան 12 հետազոտական աշխատանք, ինչպես նաև 8 հայագիտական միջազգային գիտաժողով և կրթամշակութային տարբեր միջոցառումներ։
«Այս խորհրդաժողովը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ հայագիտական կենտրոնները կարող են ներկայացնել իրենց ձեռքբերումները և փորձը, բարձրաձայնել հայագիտության զարգացման և տարածման գործում առկա մարտահրավերները, քննարկել դրանց լուծման ուղիները, ինչպես նաև ձևավորել համագործակցության նոր ծրագրեր և գաղափարներ: Հայագիտության զարգացման այս բացառիկ իրադարձության շրջանակում ամփոփում ենք մեր անցած ուղին՝ նախանշելով ապագայի նոր տեսլականները։
Այս տեսանկյունից հատկանշական է ցանցային հայագիտական համալսարանի ստեղծումը, որով հնարավոր կլինի միավորել հայագիտական կենտրոններում արդեն իսկ զարգացող կարողությունները և սահմանել դրանց հզորացմանն ուղղված գործուն քայլերի շրջանակը»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է հանգամանքը, որ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների մասնակցությամբ համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ մշակվել է առաջիկա հինգ տարիներին գիտության զարգացման ռազմավարությունը, որտեղ առանձնահատուկ շեշտադրված է նաև հայագիտության զարգացումը:
Նրա խոսքով՝ ցանցային հայագիտական համալսարանի հիմնական ուղղություններն են՝ ուսանողների և դասավանդողների ակադեմիական շարժունության զարգացման մեխանիզմների ստեղծումը, նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը, hայագիտության բնագավառում ընդհանուր կրթական տարածքի ձևավորումը՝ կրթագիտական համատեղ ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Առաջնային նպատակ են նաև Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող կրթագիտական կառույցների միջև երկխոսության և համագործակցության նոր հնարավորությունների և ձևաչափերի ստեղծումը, հայագիտության ոլորտում կրթագիտական կառույցների ներուժի միավորումը:
«Հայագիտությունը՝ որպես գիտության և մշակույթի կայուն միասնություն, հիմնված է հայ ազգային ինքնության պահպանման, զարգացման և հանրահռչակման վրա։ Այս առումով օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների դերը դժվար է գերագնահատել. դրանք ոչ միայն տարբեր երկրներում հայ մշակույթի և պատմության տարածողներն են, այլև հանդես են գալիս որպես միջմշակութային երկխոսության կամուրջներ:
Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք պահպանել հայագիտության ավանդույթները, ինչպես նաև կնպաստենք դրանց նոր շունչ հաղորդելուն՝ գիտական նորարարությունների, թվային տեխնոլոգիաների և համաշխարհային գիտական զարգացումների համատեքստում»,- ասել է նախարարի տեղակալը։Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ խորհրդաժողովը բացառիկ հնարավորություն է՝ համախմբելու աշխարհասփյուռ հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներին, ուսումնասիրելու և արժևորելու նրանց փորձառությունը, ինչպես նաև քննարկելու ոլորտի զարգացման նոր ուղղությունները։
Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։ Նա կարևորել է նախորդ ամիս բացված Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի գործունեությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի կարևոր կենտրոններից մեկը և կհանդիսանա Հայաստանի ու Լեհաստանի միջև կրթագիտական ու մշակութային համագործակցության առանցքային օղակ։
Համաժողովի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ և ելույթներ, այդ թվում՝ հայագիտության զարգացման ռազմավարական ուղղությունների, հայագիտության ոլորտում գործընկերությունների և ակադեմիական ցանցի ձևավորման և այլ թեմաների վերաբերյալ:









