Գյումրին այս տարի կունենա վերանորոգված տոնածառ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին ավագանու արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է կենտրոնական՝ «Վարդանանց» հրապարակում տեղադրվող գլխավոր տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, ինչպես նաև նոր զարդարանքների ձեռքբերման ու հների վերանորոգման հարցը։ Քաղաքային իշխանությունն առաջարկում է այդ նպատակով քաղաքի բյուջեից հատկացնել 24 միլիոն դրամ, որից 2 միլիոնը՝ տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, 11 միլիոնը՝ նոր դեկորների և լույսերի ձեռքբերման, 4 միլիոնը՝ հին դեկորների ու լույսերի վերանորոգման և տեղադրման համար։
Քննարկվող հարցը չի վերաբերում անցած տարի ՀՀ կառավարության կողմից Գյումրիին նվիրած նոր տոնածառին, որի գնման, տեղադրման և զարդարման համար Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 20 միլիոն 100 հազար դրամ, այլ հին տոնածառին։
«Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը կրկին տեղադրում հին տոնածառը, եթե անցած տարի ՀՀ կենտրոնական իշխանությունը Գյումրիին նոր տոնածառ էր նվիրել, և արդյո՞ք սա պայմանավորված չէ քինախնդրությամբ։
Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը պարզաբանեց, որ հին տոնածառը ջարդոն չէ, և այստեղ որևէ քինախնդրություն չկա։ Նրա խոսքով՝ ընտրվել է այն տարբերակը, որը քաղաքին ավելի շքեղ ու գունեղ տեսք կտա, իսկ ՀՀ կառավարության նվեր տոնածառը տեղադրվելու է ծայրամասային «Մուշ» կամ «Անի» թաղամասում։
Չնայած ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարցին դեմ քվեարկեց, ձայների մեծամասնությամբ օրակարգային հարցը դրական լուծում ստացավ:









