Գործադիրն այսօրվա նիստում որոշում ընդունեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր՝ 6 ամսով սահմանափակում կիրառել։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) 2023-ի նկատմամբ նվազել է 7.3%-ով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում (398.1 հազ.տ.)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 18.1%-ով։
Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 581 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 47%), իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 319 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ. առաջին կիսամյակի նկատմամբ՝ 24%),
Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը՝ վատթարացնելով տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։
Այդ նպատակով ՀՀ ԱԺ կողմից կատարվել են փոփոխություններ «Պետական տուրքի մասին օրենքում», սահմանելով երրորդ երկրներց ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման համար բազային տուրքի 800-ապատիկի չափով, նախկին՝ 200-ապատիկի փոխարեն։
Միևնույն ժամանակ, ցեմենտի ներմուծման ծավալների աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող (այդ թվում՝ ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող) և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։
Նպատակ ունենալով շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ նպատակահարմար ենք գտնում շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և 26.06.2025թ. N 873-Ն որոշման գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ։
Սույն նախագծի ընդունումը կնպաստի տեղական ցեմենտ արտադրողների և ներմուծողների միջև առողջ մրցակցության ապահովմանը։









