Պրոդյուսեր, Գյումրու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է.
«2021-ի փետրվարի 25-ին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլի հրաժարականը: Հայտարարության տակ ստորագրել էին գլխավոր շտաբի 40 բարձրաստիճան զինվորականներ և գեներալներ՝ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:
Հետո այդ «բարձրաստիճան զինվորականներն ու գեներալները» սկսեցին զգաստ ոտքի կանգնել Նիկոլին տեսնելիս, Օնիկ Գասպարյանը անհետացավ՝ կարծես այդպիսի մարդ չէր էլ եղել, իսկ Նիկոլի հրաժարականը պահանջող Էդվարդ Ասրյանն էլ կոչումի բարձրացում ստացավ և դարձավ Նիկոլի սրտիկի գեն.շտաբի պետը:
2020-ի դեկտեմբերի 8-ին տարածվել էր Կաթողիկոսի հայտարարությունը, որում ասվում էր. «Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները»: Եկեղեցու այս դիրքորոշումը բազմիցս հաստատել են Մայր Աթոռի բոլոր սրբազանները, նույնիսկ նրանք, ովքեր Նիկոլի դիմաց կանգնած խեղճացած հայացքով աղերսում էին մի «գեներալի» կոչում էլ իրենց բաշխել:
Համաձայնեք, որ շատ նման իրավիճակներ են: Իրականությունը կայանում է նրանում, որ թե այդ «գեներալները», թե «սրբազանները» ուղղակի շատ սովորական մարդիկ են: Մահկանացուներ, որոնցից ձեր ակնկալիքները եղել են «կիսաաստվածային»: Առաջիններից դուք ակնկալել եք սպայի պատիվ և խոսքի ամրություն, մյուսներից՝ հոգևոր խորություն և առաքինություն: Ահա այսպես էլ ձևավորել եք այն բոլոր լեգենդները մարդկանց, անձերի, ղեկավարների և պետական այրերի մասին, որոնց կուրորեն հավատացել եք ու հիմա էլ հուսախաբ եք եղել: Նորից հուսախաբ եք եղել: Էլի հուսախաբ եք եղել: Մեր հազարամյակների պատմության մեջ հազարերորդ անգամ հուսախաբ եք եղել:
Իսկ կա մի բան, որը հստակ է: Հայաստանին ու հայ ազգին իրոք պետք է հեղափոխություն: Հեղղափոխություն, որը ջարդ ու փշուր կանի նեխած համակարգերը և չի սահմանափակվի միայն անձերի տեղափոխությամբ: Հեղափոխություն, որից հետո նույն թալանչիները այլ կոչերի ու երգերի տակ չեն շարունակելու իրենց պալատական ծառայությունները, հիմա էլ նոր տերերին տալով լափած քեշբեկը: Հեղափոխություն, որով պետք է փակվի անցյալի, անցյալից եկածների ու անցյալով անդադար վերարտադրվողների էջը:
Նոր, իսկական, հայկական հեղափոխությունը պետք է վերադարձնի մեր ազգին թե՛ նյութական, թե՛ ազգային, և թե՛ մեր հոգիների թալանը»։









