Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իսկական բանակցություններ վարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, որոնց արդյունքը նախապես որոշված չլինի Վաշինգտոնի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Մենք համաձայն ենք իրական, այլ ոչ թե արհեստական բանակցությունների։ Ցանկացած բանակցությունների արդյունքը չպետք է լինի նախապես կանխորոշված», - գրել է նա X-ում։
Լարիջանին նաև ինքնախաբեություն է անվանել ամերիկացիների փորձերը՝ Միացյալ Նահանգները ներկայացնել որպես ցանկացած գլոբալ գործընթացի հիմնական մեխանիզմ։
Նոյեմբերի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնության, սակայն այն պետք է լինի լավ հավասարակշռված և հաշվի առնի երկու կողմերի դիրքորոշումները։
2025 թվականին Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ միջուկային հիմնախնդրի շուրջ Իրանի բանակցությունների հինգ փուլերն ավարտվել են առանց արդյունքի՝ հունիսին Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածների պատճառով:









