ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամաս, Լենինգրադյան 1 հասցեում «Օրանժ օիլ», ինչպես նաև Սովխոզային 31/18 հասցեում «Լեվ 7» ՍՊ ընկերությունների կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտներում։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից:
«Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում վերոնշյալ օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։
Արդյունքում՝ ելնելով հայտնաբերված խախտումներից, տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ ամբողջովին դադարեցնել նշված լցակայանների շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Նշենք, որ տեսչական մարմնի մասնագետների, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը»,- ասված է հաղորդագրությունում։









