Foto

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Վրաստանի հետ ռեադմիսիայի համաձայնագրի վավերացմանը

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրի վավերացմանը։ 

Հայաստանն ու Վրաստանը ռեադմիսիայի համաձայնագիրը ստորագրել են Թբիլիսիում, 2025 թվականի հուլիսի 21-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի թվում։ 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռեադմիսիայի հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքումը դիտվում է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը: Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումն առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են: 

Հայաստանի և Վրաստանի միջև հետընդունման (ռեադմիսիայի) հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու պետությունների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝ երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման   հարցերում։ 

Այն նաև իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով Կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ռեադմիսիայի համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը, անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը, անձի ռեադմիսիայի մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր։ 

Համաձայնագիրը կնպաստի նաև միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության   զարգացմանը: