Foto

Հրդեհ՝ Եղվարդի տներից մեկի շոգեբաղնիքում.կրակի տարածումը կանխվել է քաղաքացիների ու հրշեջների շնորհիվ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարդարյանի գլխավորությամբ:  Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված փողոցի տներից մեկի շոգեբաղնիքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:  Պարզվել է, որ այրվել է Աբովյան փողոցի թիվ 16 տան տարածքում գտնվող շոգեբաղնիքի տանիքի մոտ 15 քմ տարածք և գույքը:

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Բնակիչների հայտնածով՝ կրակը բռնկվել է էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով:  Այդ տեղեկությունը ճշտվում է: