Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Արթուր Հ.-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Հ.-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Բախման հետևանքով «Mazda»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն: Էլեկտրասյան կոտրվելու հետևանքով նաև վնասվել է մեկ այլ բետոնե էլեկտրասյուն: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Նաիրիի մասնաճյուղի աշխատակիցները՝ գլխավոր ինժեներ Գոռ Բաղյանի գլխավորությամբ:
Էլեկտրոցանցի աշխատակիցները ժամանակավորապես հոսանքազրել են նշված տարածքը և արդեն աշխատանքներ են սկսել՝ վնասված էլեկտրասյուները նորով փոխարինելու ուղղությամբ:









