Foto

Վրաստանը ձգտում է ԵՄ անդամակցության, բայց առանց շանտաժի․ Կոբախիձե

Վրաստանի կառավարությունը ցանկանում է շարունակել իր ճանապարհը դեպի ԵՄ լիիրավ անդամակցություն, բայց միայն այն պայմանով, որ Բրյուսելը կգործի արդար և այդ հարցը չի օգտագործի որպես շանտաժի գործիք։ Այս մասին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության (CCTV) հետ հարցազրույցում, փոխանցում է Նովոստի-Գրուզիա-ն։

«Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պահանջվեց մեկուկես տարի։ Մենք ստիպված էինք պայքարել դրա համար։ Բացի այդ, թեկնածուի կարգավիճակն օգտագործվեց շանտաժի համար։ Հետագայում նրանք սկսեցին մեզ շանտաժի ենթարկել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցով, ինչը լավ չէ, քանի որ ի վերջո դա անկարգություններ առաջացրեց Վրաստանում։ Իհարկե, մենք դեռևս ունենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալու նպատակ, բայց մենք ցանկանում ենք շարունակել գնալ այդ ճանապարհով միայն կանոններին և արդարության սկզբունքին համապատասխան։ Ահա մեր ընդհանուր մոտեցումը», – ասել է Կոբախիձեն։

Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայից և Մոլդովայից հետո։ Նույն թվականի հունիսին Կիևն ու Քիշնևը ստացան թեկնածու երկրի կարգավիճակ։ Վրաստանը թեկնածու դարձավ միայն 2023 թվականի դեկտեմբերին։ Հետագայում Եվրահանձնաժողովը (ԵՀ) ինը քայլ էր սահմանել,որոնք Թբիլիսին պետք է ձեռնարկեր՝ բանակցությունների բացմանը մոտենալու համար։ Դրանց թվում էր քաղաքական բևեռացման խնդիրը լուծելու պարտավորությունը՝ ընդդիմությանը ավելի շատ ներգրավել քաղաքականության մեջ, ապահովել արդար ընտրական գործընթաց և երկրի արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել Բրյուսելի ուղղությանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հարաբերությունները Բրյուսելի հետ վատթարացան 2024 թվականի ապրիլին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի հաստատման ֆոնին։ Եվրամիությունը կասեցրեց Վրաստանի ընդունելության գործընթացը, սառեցրեց կառավարությանը տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը և հրաժարվեց բոլոր բարձր մակարդակի կոնտակտներից։ Եվրախորհրդարանը չճանաչեց Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ իշխող կուսակցությունը հաղթանակ էր տարել։

Վրաստանն իր հերթին մինչև 2028 թվականը օրակարգից հանեց ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցը։ Սա լայնածավալ բողոքի ցույցեր առաջացրեց երկրում։