Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում այս տարվա օգոստոսի վերջի դրությամբ 1 տրլն 292 մլրդ դրամ է կուտակված։ Ինչպես ցույց են տալիս Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, ֆոնդերում կուտակված գումարը, մասնագիտական լեզվով՝ զուտ ակտիվների արժեքը, 1 տրլն դրամի շեմը հատել է 2024-ի սեպտեմբերին։ Գրում է «Հետք»-ը:
Տարեսկզբի համեմատ Հայաստանի պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճել է մոտ 219 մլրդ դրամով կամ 20.3%-ով։
Ֆոնդերի կառավարիչները կուտակված գումարները ներդնում են տարբեր գործիքներում՝ փորձելով լրացուցիչ եկամուտ բերել։ Երբեմն, սակայն, լրացուցիչ եկամտի փոխարեն կուտակումները նվազում են, դա կախված է ֆոնդերի փայերի արժեքից, եկամտաբերությունից և այլն։
Ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից վատագույն տարին 2022 թվականներ էր, երբ տարեկան կտրվածքով գրանցվեց -7.9% եկամտաբերություն։ Ավելի պարզ՝ քաղաքացիների համար հավելյալ եկամուտ չի ապահովվել, ընդհակառակը՝ կուտակված գումարները որոշակիորեն նվազել են։ Կենտրոնական բանկը և ֆոնդերի կառավարիչները այդ նվազումը պայմանավորեցին առաջին հերթին դրամի արժևորմամբ, քանի որ կուտակված գումարների մի մասը վերածվել է արտարժույթի և ներդրվել արտասահմանում։ Մյուս պատճառը ֆոնդերի ակտիվների գների նվազումն էր։
2023-2024 թվականներին ֆոնդերի եկամտաբերությունը դրական էր։ Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ 2024 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 10.7% եկամտաբերություն։
Կենսաթոշակային պարտադիր ֆոնդերը կառավարում է երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական ծագման «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Նրանք կառավարման դիմաց ստանում են վճարներ, որոնք գանձվում են ֆոնդերից։
ԿԲ-ն դեռևս չի ամփոփել 2025 թվականի եկամտաբերությունը, սակայն ֆոնդերի երկու կառավարիչների հաշվատվություններում տեսնում ենք, որ ընկերությունները դրական արդյունքով են ամփոփել ինն ամիսները։ Օրինակ՝ երկու կառավարիչների պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը երրորդ եռամսյակում 3.5-3.7% է եղել։
Նշվում են արտասահմանյան կապիտալի շուկայում դրական զարգացումները, տեղական շուկայում՝ հարաբերական կայունությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:









