Ազգային ժողովի բյուջետային քննարկումների ժամանակ Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացված միջոցառումներին, նշել է, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արփինե Սարգսյանն ասել է, որ առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ «Այս տեսանկյունից հստակ կլինեն Հայաստանի պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք Հայաստանի կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ»,- ասել է նախարարը։
Խոսելով բիոմետրիկ համակարգի ներդրման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են աշխատանքները, կա կնքված պայմանագիր, մասնավոր գործընկերոջ հետ տարածքային գրասենյակների մասով որոշարկում, վերջնականացվել են տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը, իսկ առաջիկայում կհաստատվի անձնագրի արտաքին նկարագիրը։
ՆԳ նախարարի խոսքով՝ պետք է վերանայվեն ծառայության շենքային պայմանները, որի շինարարական աշխատանքների նախատեսման մոդելային տարբերակը մասնավոր գործընկերոջ հետ նախատեսված է։ Այս աշխատանքների ապահովումը կիրականացվի 2026 թվականի առաջին կիսամյակում, իսկ երկրորդ կիսամյակից կսկսվի բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։
Արփինե Սարգսյանը նշել է, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմանների հարցը մանրամասն դիտարկվել է մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը սահուն լինի, իսկ հերթերի պատկերը՝ կառավարելի։
ՄՔԾ ոլորտի բարեփոխումների համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից 2025թ. հուլիսի 3-ին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում այս ուղղությամբ ձեռնարկված էական քայլերը․ ներկայում ընթանում է X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի տվյալների արագ և անվտանգ փոխանակում գերատեսչությունների միջև։
Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ և տարբեր պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունենում՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։









