Foto

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված Euronews-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մասնակցելու է Եվրոպայի ընդլայնման վերաբերյալ աննախադեպ Euronews-ի գագաթնաժողովին։ Միջոցառումը, որը տեղի կունենա նոյեմբերի 4-ին Բրյուսելում, կքննարկի Եվրոպայի ընդլայնման ռազմավարական գործընթացը, դրա մարտահրավերներն ու առավելությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Euronews-ի գագաթնաժողովը, որը եզակի եվրոպական քաղաքական միջոցառում է, առաջին անգամ կմիավորի ԵՄ-ի և մի շարք անդամակցության թեկնածու երկրների առաջնորդներին՝ քննարկելու Եվրոպայի ընդլայնման գործընթացը դեպի Արևելք՝ Եվրոպական Միության թեկնածու երկրներից՝ Ուկրաինայից, Մոլդովայից մինչև Արևմտյան Բալկաններ։

Եվրոպայի ռազմավարական ընդլայնմանը նոր թափ հաղորդելով՝ Euronews-ի գագաթնաժողովը բեմում կմիավորի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսիին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին, ինչպես նաև երեք վարչապետների՝ Էդի Ռամանին (Ալբանիա), Միլոյկո Սպայիչին (Չեռնոգորիա) և Հրիստիան Միկոսկուն (Հյուսիսային Մակեդոնիա):

Գագաթնաժողովի ընթացքում Euronews-ը հարցազրույց կանցկացնի նախագահ Զելենսկիի հետ՝ պարզելու Ուկրաինայի ազգային ռազմավարությունը ԵՄ-ին միանալու ճանապարհին։

«Ի վերջո, պատերազմն Ուկրաինայում ու Եվրոպայի համար դրա սպառնալիքը նոր հրատապություն և խթան են հաղորդել ԵՄ ընդլայնման գործընթացին՝ թե՛ Եվրամիության, թե՛ անդամակցության թեկնածու երկրների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։