Foto

Հայաստանում հաջորդ տարի 5 ջրամբարի շինարարություն կմեկնարկի

Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց առաջիկա տարվա ջրային ենթակառուցվածքների զարգացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ առաջիկայում կսկսվեն մի շարք նոր ջրամբարների շինարարական աշխատանքներ։

«Նախատեսված է շարունակել Կապսի ջրամբարի կառուցումը՝ 7.7 միլիարդ դրամի շրջանակում։ Բացի այդ, ոռոգման համակարգերի կարողությունների բարելավման համար նախատեսվում է 3.7 միլիարդ դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը։ 

Խուդաթյանի խոսքով՝ ջրային ոլորտի արդյունավետ կառավարման համար Կառավարությունը նախատեսում է 7 միլիարդ դրամ՝ ջրային համակարգերի սուբսիդավորման, և 1.3 միլիարդ դրամ՝ ջրային ռեսուրսների համաֆինանսավորման նպատակով։ 

«Նախատեսել ենք 1 միլիարդ դրամ՝ ջրամբարների կառուցման համար։ Այս փուլում կսկսվեն հինգ նոր ջրամբարների շինարարական աշխատանքները, որոնք հաստատվել են հանրային ներդրումային կոմիտեում։ Խոսքը Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների մասին է»,-ընդգծեց նախարարը։ 

Բացի նոր ծրագրերից, նախարարությունը նախատեսում է նաև գործող ջրամբարների վերազինում և համակարգերի հիմնանորոգում։

«Ջրամբարների վերազինման համար նախատեսված է 264.3 միլիոն դրամ, իսկ ոռոգման համակարգերի հիմնանորոգման համար՝ 500 միլիոն դրամ։ Գետերի և հեղեղատարների մաքրման ու ամրացման նպատակով, մասնավորապես Գավառ համայնքի Գավառագետի հունի մաքրման համար, հատկացվում է 423.7 միլիոն դրամ»,-նշեց Դավիթ Խուդաթյանը։