Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։ Այս մասին հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը:
Մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շարունակում են հրապարակվել մարզպետի աշխատանքային հանդիպումների և այցերի մասին գրառումներ, ինչը վկայում է, որ նա շարունակում է պաշտոնապես իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Ավելին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում (e-gov.am) և Հայաստանի Իրավական տեղեկատվական համակարգում (arlis.am ) բացակայում է որևէ տեղեկություն ՀՀ վարչապետի՝ Արմավիրի մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշման մասին։
Միևնույն ժամանակ, մարզպետը սոցիալական մեդիայի իր էջում պարբերաբար հրապարակում է քարոզչական բնույթի նյութեր, մասնակցում քարոզչական միջոցառումների՝ հանդես գալով որպես գործող մարզպետ։
Այսպիսով, փաստացիորեն, մարզպետն իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ շարունակելով իրականացնել իր պաշտոնեական գործառույթները և օգտագործելով իր տիրապետության ներքո գտնվող վարչական ռեսուրսներն ու ազդեցությունը:
Հիշեցնենք, որ ըստ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի՝
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները (այդ թվում՝ մարդկային ռեսուրսները, աշխատաժամանակը) օգտագործել բարեխղճորեն՝ բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև՝ չօգտագործել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:
Ընտրական գործընթացների ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել նախընտրական քարոզչության վերաբերյալ օրենքով սահմանված սահմանափակումները և չօգտագործել հանրային ռեսուրսները կուսակցական կամ անձնական քարոզչության նպատակներով։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ սոցիալական մեդիայի հրապարակումներից, հավանումներից կամ այլ վարքագծից, որը կարող է վնասել կամ նսեմացնել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ դնել անաչառությունն ու պատշաճությունը։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ կատարելիս պարտավոր է հստակ նշել՝ դրանք արտահայտում են իր պաշտոնեական դիրքորոշումը, թե անձնական կարծիքը։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել անաչառություն և գործել այնպես, որ չառաջանա կողմնակալության կասկած կամ տպավորություն։
Միևնույն ժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Արմավիրի մարզպետի գործողությունները հակասում են հանրային ծառայության անաչառության և վարչական ռեսուրսների չօգտագործման վերաբերյալ իրավական պահանջներին։









