Խարդախության վերաբերյալ առաջին ահազանգը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հոկտեմբերի 19-ին ժամը 18.20-ին:
26-ամյա քաղաքացին հայտնեց, որ խաղային համակարգիչ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում, և նախորդ երեկոյան իրեն է զանգահարել մի երիտասարդ: Պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի 19-ին` ժամը 16-ին, Մանանդյան փողոցում: Հանդիպել են, բանակցել, սակայն մի պահի երիտասարդը, առանց վճարելու, աննկատ հեռացել է` տանելով խաղային համակարգիչը:
Նման հաջորդ հաղորդումը ստացվեց մոտ երկու ժամ անց: 16-ամյա տղայի հետ կատարվել էր գրեթե նույնը` դարձյալ մի երիտասարդի հետ, պայմանավորվել էին, այս անգամ` հանդիպել Տարոնցու փողոցում: Այս անգամ էլ իբրև գնորդ ներկայացած երիտասարդը հարմար պահի աննկատ հեռացել էր` տանելով խաղային համակարգիչը:
Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 22-ին: Ժամը 15.25-ին, մայրաքաղաքի Տարոնցու փողոցում, հիշյալ խարդախությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և բաժին տեղափոխվեցին 27-ամյա և 29-ամյա երկու երիտասարդներ, մեկը Գեղարքունիքի մարզի, մյուսը` Արմավիր քաղաքի բնակիչ:
Ըստ 27-ամյա երիտասարդի` երկու խարդախությունն էլ կատարել է ինքը:
Ձեռնարկվում են միջոցներ հափաշտակված համակարգիչները հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









