Foto

Թուրքիայում ընդդիմադիրների դեմ «լրտեսության» գործի մանրամասներ են հրապարակվել․ ցուցակում են նաև Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հրապարակել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղի և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի նոր մանրամասներ։

Հետաքննության շրջանակում կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել քննության հետ։ Նրա հեռախոսում հայտնաբերվել է 34 կոնտակտ՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ և զինվորականներ, որոնցից 14-ը՝ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ։ Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Գյունը նշել է, որ այդ կապերը կապված են իր նախկին բիզնես գործունեության հետ։ Միևնույն ժամանակ, ոստիկանությունը խուզարկել է ընդդիմադիր «TELE1» հեռուստաալիքի շենքը և ձերբակալել գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղին՝ «լրտեսության» մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Ստամբուլի դատարանը նախկինում Էքրեմ Իմամօղլուին դատապարտել էր 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ դատախազին վիրավորելու մեղադրանքով։

Աղբյուրը՝ politik.am