Foto

Արմավիրում էլեկտրալարի կտրման պատճառով 3 եղբայրներին պատկանող ոչխարներից 36-ը հոսանքահարվել են

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար: Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գևորգյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Մուսալեռ մասնաճյուղից, ովքեր հոսանքազրկել են տարածքը: Տեղում հավաքված մի քանի գյուղացիներ ասում էին, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կհոսանքահարվեին:

Հովիվներից մեկն էլ ասում էր, որ ինքը լավ է՝ զգացել է, որ հոսանքի լարը պոկվել ու ընկել է, և տեսել է, թե ինչպես է մի քանի ոչխարների բերաններից փրփուր դուրս գալիս ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից: Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է: