Foto

«Հրապարակ». Առուշ Առուշանյանի դեմ վարույթ է հարուցվել

hraparak.am գրել է․

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ եւ եզրակացրել, որ Գորիսի քաղաքապետն իրավախախտում է թույլ տվել։ Ըստ հանձնաժողովի` խախտումը կապված է Առուշանյանին պատկանող «Գոր Մետալ» ՍՊԸ-ի հետ, որի կառավարումը նա հանձնել է իր մորը` Ասյա Ղազարյանին։ Հանձնաժողովում հարուցված վարույթի շրջանակում Առուշանյանի ներկայացուցիչը Վահե Գրիգորյանն է։

Նա մեզ պատմեց եղելությունը. «Իբր խնդիրը կայանում է նրանում, որ Առուշ Առուշանյանը հավատարմագրային կառավարման չի հանձնել իրեն 100% սեփականության իրավունքով պատկանող կազմակերպությունը, մինչդեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից առերեւույթ խնդրի մասին պարոն Առուշանյանը հավատարմագրային կառավարման է հանձնել, իսկ հաշվի առնելով, որ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն որեւէ շահույթ չի ստացել, ընդունելով ի գիտություն ԿԿՀ-ի նախորդիվ համանման հանգամանքներում կայացված որոշումները, պարտավոր է միանման մոտեցում ցուցաբերել նույնանման փաստական հանգամանքների լույսի ներքո, այս անգամ ԿԿՀ-ն եկել է այս եզրահանգման, որը դառնալու է դատական կարգով վիճարկման առարկա»։ Ըստ փաստաբանի` անթույլատրելի է նմանատիպ գործերով այլ որոշում կայացնելը, իսկ Առուշանյանի գործով` այլ։ Առուշանյանը, հիշեցնենք, անցնում է նաեւ քրեական գործով, Վերաքննիչ դատարանի որոշմամբ` նա ենթակա է ազատազրկման 1 տարի 11 ամիս ժամկետով. պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։ Քրեական գործով նրա փաստաբան Սերգեյ Մարաբյանն էլ ասաց` վճռաբեկից դեռ նորություն չկա։ Այս դատարանն էլ, ըստ էության, կորոշի Գորիսի քաղաքապետի ճակատագիրը` ազատությո՞ւն, ազատազրկո՞ւմ, թե՞ նոր քննություն։