Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունը ավարտվեց, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Գարիկ Գալեյանը։
Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը կալանավորվել է օրեր առաջ՝ ֆեյսբուքյան գրառման համար։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):
Կոչուբաևը ձերբակալվել էր նախօրեին։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ «18 արդարների» գործով դատական նիստից հետո դիմակավորված անձիք առևանգել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին, դիմակավորված ԱԱԾ-ականները Կոչուբաևին իր իսկ մեքենայից բռնի կերպով հանել են և տարել։