Foto

Ռուսաստանի Արմավիր քաղաքում կազմակերպվել է հայկական մշակութային տոն (ֆոտոշարք)

Մայիսի 27-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական համայնքը նվեր է արել բոլոր այն արմավիրցիներին, ովքեր սիրում և գնահատում են ժողովրդական արվեստը: Այդ օրը քաղաքի մշակույթի պալատի բեմում  «Բազմազգ Արմավիր» 5-րդ քաղաքային փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայկական ազգային մշակութային համերգ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի հայերի միությունը:

Առաջին ցնցող «Հայկական պարերի պոպուրի» համարից հետո, որը ներկայացված էր «Կոմիտաս» պարային համույթի կողմից, բեմ են բարձրացել քաղաքապետի սոցիալական հարցերով տեղակալ Ի.Ն. Խիտրովան, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ս.Ս. Կռիվոլապովը և Ռուսաստանի հայերի միության տեղի գրասենյակի նախագահ Գ.Ռ. Կարապետյանը:

Արմավիրցիներին և միջոցառման հյուրերին ուղղված իր ուղերձում՝ քաղաքապետի տեղակալ Ի.Ն. Խիտրովան նշել է, որ հայկական համայնքի ցանկացած նման միջոցառում հնարավորություն է ընձեռում ծանոթանալ հրաշալի և հնագույն Հայաստանին, ինչպես նաև երկրի մշակույթի բացառիկ նմուշներին:

«Այգեպան» ուրախ և եռանդուն պարը, որը ներկայացնում էին «Կոմիտաս» պարային համույթի միջին և փոքր խմբերը, պատանի հանդիսատեսին ծանոթացրել է գյուղացիների ազնիվ և արժանավայել աշխատանքին:

«Ով հայոց մայրեր» երգը կատարել են «Կոմիտաս» համույթի վոկալիստներն ու երգիչ Սոսո Հայրապետյանը:

Ելույթ են ունեցել նաև «Վերածնունդ» համույթի սաները՝ կատարելով ազգային երաժշտություններ դհոլով և  դուդուկով, Արմավիր քաղաքի Ա.Գ. Օվանեսովայի անվան հայկական մշակույթի կենտրոնի մեներգիչները՝ Ռադիկ և Մակենա Տամրազովները, Շողիկ Հայրապետյանը և Թամարա Առաքելյանը:

Համերգը կայացել է Հայաստանի առաջին հանրապետության օրվա նախօրեին: Հայաստանում այն նշվում է մայիսի 28-ին: Այդ տոնին է նվիրվել «Եռագույն» պարը՝ ներկայացված «Կոմիտաս» պարային համույթի միջին խմբի կողմից: Կատարել են նաև «Յարխուշտա» ռազմական խաղ-պարը, Հայաստանի խորհրդանիշին՝ ծիրանին նվիրված «Ծիրանի» պարը, «Գարնանային շուրջպար», «Կժերով պար», ազգային «Շալախո» և «Զով Անի» պարերը:

Վերջին «Ախպերս ու ես» երգի կատարման ընթացքում, համերգի բոլոր մասնակիցները դուրս են եկել բեմ: Նրանք հանուն Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի  ընկած զինվորների համար փուչիկներ են բաց թողել օդ, որոնց  սպիտակ թղթե աղավնիներ էին փակցված:

Vesti.am