0-18 տարեկան երեխաներին կտրամադրվեն արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի նորագույն համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը և կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորեն որոշել ինսուլին դեղի դեղաչափը, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Առողջապահության նախարարությանը կհատկացվի 570 միլիոն դրամ՝ 10-18 տարեկան երեխաների համար։ 0-9 տարեկան պացիենտների համար կառավարությունն արդեն 181 միլիոն դրամ հատկացրել էր։
1100 երեխայի համար կմեկնարկի շաքարային դիաբետի կառավարման լիարժեք, խնայող ու ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգ։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ համակարգում ներառվելու են վերջին սերնդի սենսորներ։
«Մեր շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց ու երեխաների համար մատը ծակելը հոգեբանական ու կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում, հաճախ նաև հրաժարվում են դա իրականացնելուց, ինչը հանգեցնում է ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն»,- նշեց նախարարը։
Հիմա այս սարքերը ճշգրտորեն կկառավարեն ինսուլինի քանակն ու դեղամիջոցը կհատկացվի ճշգրիտ չափաքանակով։ Առնվազն հինգ անձ կարող է հետևել երեխայի ցուցանիշներին՝ բժիշկը, ծնողը, դաստիարակն ու ուսուցիչը։