Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Փորձագետները տարատեսակ մեկնաբանություններ և կասկածներ ունեն կաթնամթերքի թանկացումների վերաբերյալ։ Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Արտադրողները հրաժարվում են խոսել թանկացումների մասին:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է՝ արդյոք շուկայում կա՞ն գերիշխողներ, և լինելու դեպքում միայն կարող է վարույթ հարուցել։
«Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վերջին շրջանում կաթնամթերքի թանկացման միանգամից մի քանի պատճառ է նշում։
Դրանցից առաջինն, ըստ նրա, QR կոդերի կիրառումն է, որի նպատակն է վերահսկել ապրանքի իրացման ողջ շղթան։ Կաթնամթերք արտադրողները եկող տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց արտադրանքի վրա հսկիչ QR կոդեր փակցնել։ Սա Կառավարության որոշումն է, որը ընդունվել է դեռևս 2024-ի օգոստոսին։
Որոշ ընկերություններ արդեն իսկ սկսել են QR կոդեր կիրառել, և նրանց արտադրանքի վրա այդ կոդերը երևում են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։