Foto

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են տեղակայվել Գազայում

Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ամենշաբաթյա մամուլի ասուլիսում անդրադարձել են Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Վերջիններս նշել են, որ Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Գազայում ստեղծվելիք բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում կատարել ցանկացած առաջադրանք։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Բացի այդ թուրքական զինվուժի ներկայացուցիչները խոսել են նախկինում մասնակցած խաղաղապահ գործողությունների մասին։

«Թուրքիայի զինված ուժերն ավելի վաղ իրականացրած խաղաղապահ առաջադրանքներում ձեռք բերված փորձով միջազգային իրավունքի շրջանակներում պատրաստ են խաղաղության հաստատման ու դրա պահպանման հարցում ստանձնել իրենց վստահվելիք ամեն տեսակ առաջադրանք»։

Հիշեցնենք, որ Գազայում հրադադարը հաստատվել էր հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի, Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։