Foto

Մամուլն ու Եկեղեցին առանցքային են մեր պետության և հասարակության համար․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է․ «Սիրելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ, Հայ առաջին պարբերականի տպագրության հիշատակումը մեր տոնացույցում արտացոլում է հայ ժողովրդի ձգտումը կրթության, լուսավորվածության և իրազեկվածության հանդեպ։ Օրվա խորհուրդը պարտավորեցնող է, որովհետև իրապես շատ չեն ազգերը, որոնց մամուլը ստեղծվել է օտար երկրում և հարյուրամյակների ավանդույթ ունի. «Ազդարարը» ոչ միայն հայերեն առաջին լրատվամիջոցն էր, այլ նաև առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականը Հնդկաստանում։ Հատկանշական է, որն պետականության բացակայության պայմաններում հենց հայ հոգևորականն է նախաձեռնել պատմա-մշակութային, գրական-հասարակական հանդեսի տպագրությունը՝ հիմք դնելով Սփյուռքում հայկական լրատվամիջոցների ստեղծմանը և հայապահպանության գործին։ Անկախ պետականությունն արդեն պետք է առավել ամուր ու պաշտպանված պահի մամուլի բարձր հեղինակությունը երկրի ներսում: Քահանա Հարություն Շմավոնյանի նախաձեռնությունը տարիների բարձունքից հաստատում է, որ Հայոց Եկեղեցին ու մամուլն առանցքային են թե՛ մեր պետության ուժի, թե՛ գրագետ հասարակության համար»: