Foto

Մխիթարյանը բացահայտել է, որ մինչև «Ռոման» կարող էր հայտնվել իտալական մեկ այլ ակումբում

Հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելով Տրենտոյում կայացած «Սպորտի փառատոնին», որը կազմակերպել էր Gazzetta dello Sport-ը, կիսվել է 2019 թվականի տրանսֆերային պատմությամբ՝ կապված «Միլանի» հետ: Նա բացահայտել է, որ մոտ է եղել «Միլան» տեղափոխվելուն, նախքան «Արսենալից» հեռանալը և «Ռոմայի» կազմում խաղալը:

Մխիթարյանը պատմել է, որ 2019 թվականի օգոստոսին իր գործակալ Մինո Ռայոլան առաջարկել է ընտրություն կատարել «Միլանի» և «Ռոմայի» միջև՝ Անգլիայից հեռանալու համար:

«Այդ ժամանակ «Միլանը» կենտրոնացած էր «Շախտյորի» խաղացող Թայսոնի վրա, և ես մտավախություն ունեի, որ կդառնամ նրանց Բ պլանը: Ուստի ընտրեցի «Ռոման»՝ փնտրելով այն երջանկությունը, որի մասին միշտ երազել էի»,- ասել է նա:

Հինգ օր անց՝ օգոստոսի 30-ին, «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղից ժամեր առաջ, Ռայոլան զանգահարել է Մխիթարյանին՝ ասելով. «Խաղից հետո նստիր ինքնաթիռ և արի «Ռոմա»՝ պայմանագիր ստորագրելու»: Ֆուտբոլիստը նշել է, որ «Ռոմայում» երկրպագուների սերն ու աջակցությունը աննկարագրելի էին: «Դա խենթ էր՝ բառի լավագույն իմաստով: Ես այնտեղ վերագտա ֆուտբոլ խաղալու հաճույքը»,- ավելացրել է նա՝ ծիծաղելով նշելով, որ իրեն ավելի շատ իտալացի է զգում: