Foto

Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումից հետո հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 300 չվերթ

Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում նախօրեին սահմանված սահմանափակումների պատճառով հետաձգվել է ավելի քան 270 չվերթ, չեղարկվել՝ 42-ը, իսկ ևս 69-ը վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

«Շերեմետևոն» պարզաբանել է, որ չեղարկվել է 17 մուտքային և ելքային չվերթ, հետաձգվել՝ 32-ը, իսկ ևս 49-ը՝ վերահասցեագրվել է այլընտրանքային օդանավակայաններ։

«Աէրոֆլոտը» հայտարարել է, որ ստիպված է եղել շտկել իր ժամանակացույցը՝ փոխելով մի շարք չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա մեկնող որոշ չվերթներ վերահասցեագրվել են Դոմոդեդովոյի, Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Կազանի, Սարատովի, Սամարայի և Եկատերինբուրգի այլընտրանքային օդանավակայաններ։ «Պոբեդա» ավիաընկերությունը նույնպես հայտարարել է իր չվերթների «հարկադիր փոփոխության» մասին։

Դեկտեմբերի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանները ժամանակավոր սահմանափակումներ են մտցրել ինքնաթիռների ժամանման և մեկնման համար՝ ելնելով թռիչքների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Սահմանափակումները վերացվել են կեսգիշերի սահմաններում: Մոսկվայի «Դոմոդեդովո»-ն հայտնել է, որ օդանավակայանը գործում է սովորական ռեժիմով։

Մեկ օր առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը խոցել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող առնվազն 20 անօդաչու թռչող սարք: