Foto

Հակասանիտարական, գարշահոտ վիճակ է Արմավիր քաղաքում․ կեղտաջրերը լցվում են մարդկանց տները, մարզասրահներ ու լողավազաններ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, դեռևս շարունակվում է հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակը Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մոտ 2 ամիս է՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը Արմավիր քաղաքի հազարավոր բնակիչների, օբյեկտների աշխատակիցներին դարձրել է «հոգեկան հիվանդ»։ Երկու ամիս է՝ Սիլիկյան թաղամասում կոյուղատարի չփոխելու պատճառով «Վեոլիա Ջուր»-ի անգործության կամ միտումնավոր դանդաղ աշխատելու հետևանքով կեղտաջրերը կոյուղատարերից դուրս են գալիս ու լցվում թաղամասով մեկ, իսկ հոտը զգացվում է մի քանի հարյուր մետրից։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեծ թվով բնակիչներ իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ ասելով․ «Ով է տեսել 21-րդ դարում նման քար անտարբերություն մարդու նկատմամբ, և ոչ միայն մարդու, այլ նաև սպառողի։ Չէ՞ որ մեր տված գումարներով է «Վեոլիա Ջուրը» իր աշխատակիցներին վճարում։ Բա եթե մենք կանոնավոր վճարումներ ենք կատարում, ինչու՞ «Վեոլիա Ջուր»-ն ջայլամի քաղաքականություն է վարում։

Այս երկու ամսվա ընթացքում միայն Արմավիրի մարզպետարանը և Արմավիրի քաղաքապետարանը ինչով հնարավոր է՝ օգնության ձեռք են մեկնել, բայց խնդիրը՝ վթարը վերացնելու հիմնական պատասխանատուն «Վեոլիա Ջուր» է։ Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանը հո պարտավոր չե՞ն ամեն օր հատուկ նասոսներ բերեն ու էդ կեղտաջուրը հեռացնեն։

Խնդրում ենք և նաև պահանջում, որպեսզի «Վեոլիա Ջուրը» իսկապես գործ անի, ոչ թե մի օր գա, մի քանի ժամ անկապ փորի ու թողնի գնա։ Նույնիսկ հազարից ավելի բնակիչներով ցանկացել ենք «Վեոլիա Ջրի» դեմ՝ մեր ու մանուկով, ահել-ջահելով, Երևան–Արմավիր գլխավոր ճանապարհը փակել, բայց այս պահին ձեռնպահ ենք մնում, որովհետև տեղեկացել ենք, որ արդեն իրավիճակի մասին իմացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով արդեն խնդրով զբաղվող կառույցների պաշտոնյաների հետ խիստ խոսակցություն է ունեցել, և նրանք պարտավորվել են 2–3 օրվա ընթացքում գործը առաջ տանել, այսինքն՝ ավարտել»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խրախուսում է և մեծ տեղ է տալիս ներդրումներին։ Սակայն ինչ անուն տաս նրան, որ Սիլիկյան թաղամասում մեծ ներդրումներ են կատարվել և բացվել է ժողովրդի կողմից կարճ ժամանակում բավականին դրական համբավ ունեցող «Nana» ժամանցի վայր, որտեղ նախ ստեղծվել է մոտ 100-ից ավելի աշխատատեղ, բացվել են լողավազաններ, մարզասրահներ։ Իսկ հիմա «Վեոլիա Ջուր»-ի պատճառով ամբողջ կեղտաջուրը լցվել է նաև այդ ժամանցի վայրի տարածք։

Նույնիսկ 100-ից ավելի բնակիչներ կեղտաջրերի պատճառով հայտնվել են շրջափակման մեջ։
Եթե «Վեոլիա Ջուր»-ն բարի կամք դրսևորի և խնդիրը լուծի, ապա «Nana»-ի տնօրինությունը միլիոնների ծախս է անելու՝ ամբողջ կեղտ տարածքից հեռացնելու և այն նախկին տեսքի բերելու ուղղությամբ։