Foto

Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարուստ օրակարգը

Հոկտեմբերի 13-ին Թեհրանում ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարուստ օրակարգը: Կողմերը շեշտել են տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը:

Դավիթ Կարապետյանը և  Սայիդ Խաթիբզադեն քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավոր ուղիները՝ անդրադառնալով «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» համաժողովների շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև Իրանի ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանի դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններին։