Foto

Հայ դատի ներկայացուցիչները ԵԱՀԿ խորհրդաժողովում բարձրաձայնել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը

Հոկտեմբերի 6-17-ը Վարշավայում ընթանում է ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհրդաժողով, որի նպատակն է քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդհանուր վիճակն ու մարդու իրավունքների ոլորտում պետությունների հանձնառությունների կատարման պատկերը։

Հաշվի առնելով ավելի քան տասնօրյա խորհրդաժողովում օրակարգային այնպիսի հարցերի առկայությունը, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայ դատի առաջնահերթություններին և գործունեության ուղղություններին՝ Հայ դատի համակարգը նույնպես մասնակցել է խորհրդաժողովի աշխատանքներին՝ ի դեմս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ճինպաշեանի և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Արամ Գևորգյանի, հայտնում են  ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

«Արամ Գևորգյանն իր ելույթում ընդգծել է օրենքի գերակայության և դատական իշխանության անկախության հիմնարար ժողովրդավարական արժեքների հանդեպ հարգանքի վերահաստատման անհրաժեշտությունը ԵԱՀԿ տարածքում, միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը՝ լինելով ԵԱՀԿ անդամ պետություն, խախտում է օրենքի գերակայության և դատական անկախության սկզբունքները։ Նշվել է, որ Ադրբեջանի դատական համակարգը ծառայում է գործադիր իշխանությանը և օգտագործվում է ինչպես հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների անօրինական կալանքներն «օրինականացնելու», այնպես էլ երկրի ներսում ընդդիմախոսներին, լրագրողներին և իրավապաշտպաններին լռեցնելու համար։ Գևորգյանը բարձրաձայնել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ պատանդների անօրինական դատավարությունների մասին, որոնց մասնակցելու իրավունք չի տրվում նույնիսկ նրանց փաստաբաններին։ Նաև նշվել է, որ ըստ միջազգային զեկույցների, Ադրբեջանում կարող է պահվել մինչև 80 հայ պատանդ, իսկ ընդհանուր քաղաքական բանտարկյալների թիվը հասնում է շուրջ 400-ի։

Գևորգյանն ընդգծել է, որ այս իրավիճակը վկայում է Ադրբեջանի դատական համակարգի լիակատար կախվածության և մարդու իրավունքների համակարգային խախտումների մասին, իսկ հայ պատանդների ճակատագիրը ԵԱՀԿ-ի համար արժանահավատության փորձաքար է, որը ենթադրում է գործնական քայլերով Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության։

Խորհրդաժողովի տարբեր լիագումար քննարկումների ընթացքում ելույթներ է ունեցել և հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր շեշտադրումներ արել նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ճինպաշեանը։ Վերջինս ներկայացրել է Արցախի հայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանությունն ու մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները՝ ընդգծելով ժողովրդավարական հաստատությունների, ազատությունների և օրենքի գերակայության համակարգային քայքայումը Ադրբեջանի կողմից։

Խոսելով ավելի քան 120 000 հայերի տեղահանության և գերիների կեղծ դատավարությունների մասին՝ Ճինպաշեանը նկատել է, որ խաղաղությունը, որը կառուցվում է լռեցման ու մոռացության վրա, խաղաղություն չէ, այլ հարկադրանք։ Ժողովրդավարությունը պահանջում է կանգնել լռեցվածների կողքին, այլ ոչ թե հարմարվել լռեցնողներին։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է համակարգված տեղեկատվական և մշակութային ջնջման քաղաքականություն՝ ուղղված հայ ժողովրդի ձայնը, ժառանգությունն ու հիշողությունը վերացնելուն։ Սա խոսքի ազատության դեմ հարձակում է և միևնույն ժամանակ տեղեկատվական պատերազմ՝ նպատակ ունենալով փոխարինել փաստերը քարոզչությամբ։

Խոսելով օրենքի գերակայության մասին՝ նա ընդգծել է, որ արդարադատությունը չի կարող զուգորդվել անպատժելիությանը և ընտրովի մոտեցմանը։ Ադրբեջանի իշխանությունները, լինելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ժնևյան կոնվենցիաների ստորագրող, բացահայտ խախտում են միջազգային իրավունքը՝ պահելով քաղաքացիական պատանդներ, խոշտանգելով կալանավորներին և քրեականացնելով էթնիկ ինքնությունը։

Անդրադառնալով 23 հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների իրավիճակին՝ Ճինպաշեանը նշել է, որ նրանց կալանքը ծառայում է քաղաքական նպատակների՝ վերացնելու Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչներին։ Դատավարությունները անցկացվում են փակ պայմաններում, առանց անկախ փաստաբանների և միջազգային վերահսկողության, իսկ դատական համակարգը գործում է գործադիր իշխանության անմիջական վերահսկողության ներքո, և որ դա օրենքի գերակայություն չէ, այլ դրա բացահայտ չարաշահում։ Ճշմարտության, արդարության և պատասխանատվության բացակայությամբ խաղաղություն չի կարող հաստատվել։ Խաղաղությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ վերականգնվեն մարդու իրավունքները, ազատ խոսքը և արդար դատավարության սկզբունքները։

Հայաստանից խորհրդաժողովին մասնակցել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, միջազգային իրավապաշտպան Րաֆֆի Քալֆայանը, «Իրազեկ քաղաքացի», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Խորհրդաժողովի ընթացքում նկատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ հասարակական կազմակերպությունների համակարգված փորձեր՝ նսեմացնելու Արցախում իրականացված էթնիկ զտման էությունն ու հայաթափման փաստը։ Օգտվելով առիթից` ադրբեջանցի պատվիրակները խորհրդաժողովի ընթացքում փորձել են վարկաբեկել նաև Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին, ինչպես նաև այն աշխատանքը, որ տարվում է վերջիններիս կողմից»,- նշված է հաղորդագրությունում։