Շրջակա միջավայրի նախարարությունը սերտորեն աշխատում է Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության նախարարության և շահագրգիռ գերատեսչությունների հետ` գնահատելու Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած հրդեհի ազդեցությունը շրջակա միջավայրի և բնակչության առողջության վրա։
Ներկայումս ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Երևանում իրականացնում է մթնոլորտային օդի որակի մշտադիտարկումներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
«Նմուշառումների լաբորատոր ուսումնասիրությունից հետո կտրվի մանրամասն տեղեկատվություն :
Մինչև այդ, խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության հորդորներին և ցուցումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: