Foto

Բաքուն Շուշին ներկայացնում է որպես իսլամական քաղաքակրթության խորհրդանիշ

Monument Watch. 2025 թվակիանի օգոստոսի 25-29-ին Բերձոր քաղաքում տեղի է ունեցել «ԱՊՀ երկրների երիտասարդական ճամբարը», որին մասնակցել են հյուրեր Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից (https://culture.gov.az/az/news/news-detail/lacinda-mdb-olkelerinin-gencler-dusergesinin-baglanis-merasimi-olub/2750)։ Միջոցառման փակման արարողությունը դարձավ Ադրբեջանի մշակութային և գաղափարական քաղաքականության ևս մի դրսևորում։ Այս միջոցառումը ներկայացվում էր որպես երիտասարդական, կրթական և մշակութային նախաձեռնություն, սակայն իր բովանդակությամբ այն ընդգրկում էր քաղաքական նպատակ, քանի որ քաղաքը հռչակվել էր «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և հենց այս փաստը ցույց է տալիս Ադրբեջանի որդեգրած մեխանիզմը՝ տարատեսակ տիտղոսների շնորհման միջոցով միջազգային հարթակներում ճանաչում հաղորդել այն տարածքներին, որոնք երկար տարիներ գտնվել են Ադրբեջանի վերահսկողությունից դուրս։ Միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովը նշեց, որ նախագիծը նպաստել է Բերձոր քաղաքի միջազգային ճանաչմանը, որը «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն» է։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «օկուպացիայից ազատագրված» մյուս հողերի պես, Լաչինի շրջանում իրականացվում են լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր։ Նշվեց, որ Բերձոր քաղաքում ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ երիտասարդների տաղանդների և հմտությունների զարգացման և նրանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպման համար՝ կինոստուդիա, ստեղծագործական կենտրոն, պատկերասրահներ և այլն, որոնք ըստ Մամեդովի հայտարարության մեծ նշանակություն ունեն տեղի «մշակութային միջավայրի վերականգնման» առումով (https://azertag.az/xeber/qarabag_universiteti_7_ci_turkoloji_yay_mektebine_ev_sahibliyi_edir__yenilenib__video-3695679?fbclid=IwY2xjawMJTaBleHRuA2FlbQIxMABicmlkETFjSTdzaGg2QW9LOTNzMEE3AR7qiBJwzCu3y1Nm1BYqq3wXn6CARIvxqxeGCyHRyIke05ELaLpXmQ-nyR_iIw_aem_jIvwuD4B1puk_TbZl6kcwA

Ադրբեջանի մշակույթի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ֆարուխ Ջումաևը հայտարարել է, որ երիտասարդական ճամբարը նպաստում է ԱՊՀ երկրների միջև մշակութային ինտեգրմանը ։Միջոցառման մասնակիցներին ցուցադրվել են տեսանյութեր՝ նվիրված Բերձորը որպես «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» հռչակելուն և երիտասարդական ճամբարին։

Բերձորի՝ որպես մշակութային մայրաքաղաքի հռչակումը իրականում հանդիսանում է քաղաքական գործողություն, որի նպատակն է վարչական և քաղաքական իշխանությանը տալ մշակութային արդարացվածություն և լեգիտիմություն (https://karabakh.edu.az/page/64/578

Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին հետևողականորեն զարգանում է նույն տրամաբանությամբ՝ նախկինում հայկական բնակավայրերը ներկայացնել որպես ադրբեջանական և թյուրքական աշխարհի մշակութային և գիտական կենտրոններ՝ օժտված տարբեր խորհրդանշական տիտղոսներով։ Այդ նույն գործընթացի օրինակներից է Ստեփանակերտում անցկացված թյուրքագիտության ամառային դպրոցը, որը կազմակերպվել էր «Ղարաբաղի համալսարանի» նախաձեռնությամբ և Թուրքիայի և Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիաների մասնակցությամբ։ Թեև նախաձեռնությունը ձևականորեն ներկայացվում էր որպես գիտական, իրականում այն ևս ծառայում էր նույն նպատակին՝ Ստեփանակերտը վերածել «թյուրքական գիտական կենտրոնի», այսինքն՝ այն տեղադրել թուրքական քաղաքակրթական քարտեզի վրա՝ որպես ընդհանուր ժառանգության հանգույց։ Այդ նույն քաղաքականությունը տեսնում ենք նաև Շուշիի դեպքում, որը հռչակվել է իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք։ Այս որոշումը ևս ունի քաղաքական ենթատեքստ․ այն միտված է Շուշին ներկայացնել որպես իսլամական քաղաքակրթության խորհրդանիշ, դրանով իսկ վերաշարադրել քաղաքի պատմական ինքնությունը։

Ադրբեջանի կիրառած այս մեխանիզմը կարելի է բնութագրել որպես տարածքային վերահսկողությունը միջազգային ճանաչման վերածելու և պատմությունը վերաշարադրելու գործընթաց։ Տիտղոսների շնորհմամբ Ադրբեջանի քաղաքականությունհը փորձում է Արցախի քաղաքները ներառել իր պետական նարատիվի մեջ՝ դրանք ներկայացնելով որպես նոր «մշակութային մայրաքաղաքներ» և արդարացնել իր հաղթանակը։