ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հերքել է «Հրապարակ» օրաթերթի այսօր հրապարակած տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, չի համապատասխանում իրականությանը։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ներկայացվել են տնտեսավարողների մտահոգություններն ու առաջարկությունները, իրականացվել է կարիքների գնահատում։
Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ոչ միայն ներկայացրել է առկա խնդիրների լուծման տարբերակները, այլև հայտնել, որ դրանք առաջիկայում կձևակերպվեն պետական աջակցության կոնկրետ ծրագրերի տեսքով։
Այսօր արդեն Կառավարության նիստում կընդունվի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը։ Բացի այդ, կվերադարձվի Եվրոպական միության երկրներ արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի և ծաղիկների համար վճարվող մաքսատուրքը։ Թարմ մրգի արտահանման սուբսիդավորման առանձին ծրագիրը կներկայացվի հաջորդիվ։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական պատասխանատվության սկզբունքները և ձեռնպահ մնալ կեղծ, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։









