«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ու «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը հանդիպել են, քննարկել անելիքները` իմպիչմենտի գործընթացի հետ կապված: «Պատիվ ունեմ»-ը «Հայաստանին» էր փոխանցել ձեւաթուղթը, սակայն քանի որ որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ում գործուղման են, 3-4 հոգի դեռ չի ստորագրել:
Բացի այդ, կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի մոտ էլ պետք է ձեւաթուղթը տանեն՝ ստորագրի։
Այդուհանդերձ, 2 ֆրակցիաները միասին 34 ստորագրություն ունեն` 2 ձայն պակասում է նախագիծը շրջանառելու համար: Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը պահանջներ ունեն` առաջարկում են նախ 4 ուժերի միջեւ իշխանության հստակ բաժանում անել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան։
Մեզ ասացին, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում։
Տիգրան Աբրահամյանին հարցրինք՝ ի՞նչ են պատասխանել Աղազարյանին։
«Այս պահին դեռեւս մեկնաբանություն չունեմ, մեր գործընթացի հետ կապված աշխատանքները շարունակվում են, երբ լրացուցիչ ասելիք լինի, կհայտնենք»: Իսկ ճի՞շտ է, որ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է ուզում` ստորագրության դիմաց։ «Մենք որեւէ մեկի հետ պաշտոնների հետ կապված քննարկում չենք իրականացրել, որովհետեւ գործընթացի հիմքում ոչ թե պաշտոններն են, այլ՝ իշխանությունների շուտափույթ հեռացման ծրագիրը»։