Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Բասալամահին (նստավայրը՝ Կիև)։ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հայաստանի և Ինդոնեզիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով առաջիկայում Հայաստան-Ինդոնեզիա միջպետական հարաբերություններն էլ ավելի կզարգանան և կամրապնդվեն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մնացական Սաֆարյանն Ինդոնեզիայի դեսպանին է տեղեկացրել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերի, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Դեսպան Բասալամահը շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ առևտրատնտեսական, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը խորացնելու Ինդոնեզիայի պատրաստակամությունը։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Ինդոնեզիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը և ընդգծել մարդկանց միջև շփումների կարևորությունը։
Նույն օրը Երևանում տեղի է ունեցել Ինդոնեզիայի անկախության օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն, որին պատվո հյուրի կարգավիճակում ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։