Foto

Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում 64 մարդ է զոհվել

Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 24-ին Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայի հատվածում 64 մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական ուժերը թիրախավորել են Գազա քաղաքի տարբեր թաղամասեր, այդ թվում՝ Թել ալ-Հաուա և ան-Նասր թաղամասերը, Թուֆահ թաղամասում գտնվող տեղահանվածների համար նախատեսված դպրոցը, Պաղեստինի բանկի շենքը։

Գազայի առողջապահության նախարարության գլխավոր տնօրենը հայտնել է, որ Գազայի հիվանդանոցներում իրավիճակն աղետալի է։

«Եթե հիվանդանոցները դադարեցնեն գործունեությունը, Գազայի հատվածի հիվանդները մի քանի ժամվա ընթացքում կբախվեն զանգվածային մահվան»,- նշել է նա։

Գազայի քաղաքացիական պաշտպանությունն իր հերթին հայտարարել է, որ անկլավի հյուսիսից մինչև հարավ հարյուրավոր տեղահանված ընտանիքներ կացարան չունենալու պատճառով գիշերում են գետնին։

Գազայի կառավարության տեղեկատվության գրասենյակը հայտնել է, որ Գազա քաղաքում շարունակում է մնալ ավելի քան 900000 մարդ՝ հավելելով, որ դեպի հարավ տեղահանվածների թիվը հասել է 335000-ի։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65 հազար 419-ի, վիրավորվել է  167 հազար 160 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։